15 նոյեմբերի 2017 - 16:59 AMT
Պուտին. 1717-ից ի վեր ՀԱԵ թեմն իսկական հոգևոր կենտրոն է հազարավոր մարդկանց համար

Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: Նոյեմբերի 15-ի առավոտյան Հանրապետության նախագահն այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճար:

Նախագահը եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում դիտել է «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում բացված՝ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսք է հղել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման մասնակիցներին՝ նշելով, որ այն իսկական հոգևոր կենտրոն է դարձել հազարավոր մարդկանց համար:

«Ողջունում եմ ձեզ Մոսկվայում ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հիմնադրման 300-ամյակի կապակցությամբ, որն աշխարհի հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկն է»,-ասվում է Պուտինի ողջույնի խոսքում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Կարևորելով թեմի դերը հայ-ռուսական հարաբերությունների խորացման և զարգացման գործում՝ Պուտինը նշել է, որ «սկսելով իր պատմությունը հեռավոր 1717-ին, թեմը միավորեց այն ժամանակվա Ռուսաստանի տարածքում գործող հայկական եկեղեցիները՝ դառնալով հայ ժողովրդի ինքնատիպ մշակույթի, նրա ավանդույթների ու սովորույթների պահպանման կարևորագույն գործոն»:

Ուղերձում նշվում է, որ հարյուրամյակներ շարունակ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը կարևոր հումանիտար, լուսավորչական և բարեգործական առաքելություն է կատարում:

Մոմավառությունից և գովաբանական աղոթքին մասնակցելուց հետո, նախագահ Սարգսյանը թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, համայնքի ներկայացուցիչների և Հայաստանից ժամանած մշակութային գործիչների ուղեկցությամբ դիտել է եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի հեղինակած մոտ երկու տասնյակ խաչքարեր։