17 նոյեմբերի 2017 - 17:48 AMT
Գիտնականներ. Շուն պահողներն ավելի երկար են ապրում

Շուն պահողները մյուս մարդկանցից միջինը մի քանի ամիս ավելի երկար են ապրում, սակայն դրա պատճառները դեռ պարզ չեն: Այդ մասին ասվում է Scientific Reports-ում հրատարակված գիտական հոդվածում:

Ինչպես վկայում են տվյալները, տանը շան առկայությունը 35 տոկոսով նվազեցնում է վաղաժամ մահվան ռիսկն ու 11 տոկոսով՝ սրտի և անոթների հիվանդությունների զարգացման հավանականությունը: Շների առկայությունը հատկապես բարենպաստ ազդեցություն է ունենում միայնակ մարդկանց վրա: Այդ մասին հայտարարել է շվեդական Ուպսալայի համալսարանի գիտաշխատող Մվենյա Մուբանգան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հոգեբաններից և կենսաբաններից շատերը կարծում են, որ մարդու հետ շփումը կարևոր դեր է կատարում շների կյանքում:

Վերջերս նեյրոֆիզիոլոգները պարզել են, որ շները հասկանում են խոսքի տոնայնությունը, ինչպես նաև բառերի իմաստը, որոնցով իրենց դիմում է տերը, որ նրանք շփվում են մարդկանց հետ ոչ միայն հանուն սննդի, այլ նաև դրական էմոցիաներ և ուշադրություն ստանալու համար: Նրանք նաև զգում են մարդկանց զգացմունքները: