21 նոյեմբերի 2017 - 11:56 AMT
Դարոն Մալաքյանն ափսոսանք է հայտնել մարդասպան Մենսոնի մահվան կապակցությամբ

System of A Down-ի կիթառահար Դարոն Մալաքյանը սկանդալի կիզակետում է հայտնվել՝ հրապարակավ իր ափսոսանքը հայտնելով սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի մահվան կապակցությամբ։

«Շատ տխրեցի՝ իմանալով Մենսոնի մահվան մասին։ Երբ աշխատում էի Toxicity սկավառակի վրա, նրա հարցազրույցներն ու երաժշտությունը մեծ ազդեցություն թողեցին ինձ վրա։ Ես վերնագրեցի ATWA երգն ի պատիվ իր բնապահպանական կազմակերպության։ Իմ հետաքրքրությունն էր՝ ինչպես է նա արտահայտում իր մտքերը, ոչ թե իր գործած սպանությունները», - գրել է նա Facebook-ում։

Ավելի ուշ նա փորձել է պարզաբանել իր տեսակետը։ «Թույլ տվեք փորձեմ բացարտել նրանց համար, ովքեր չհասկացան․ ես չեմ պաշտպանում մարդասպան Մենսոնին, ես պաշտպանում եմ նրա արվեստը, սոցիալական ու բնապահպանական հայացքները։ Երբեմն տաղանդավոր մարդիկ գործում են հանցանքներ», - ավելացրել է նա։

«Նրանց համար, ովքեր ասում են՝ կզգայի՞ արդյոք նույնը, եթե նա իմ ընտանիքն ու հղի կնոջը սպաներ, մի օրինակ բերեմ։ Իմ ընտանիքը փրկվել է Հայոց ցեղասպանությունից, երբ թուրքական կառավարությունն ու զինվորները կոտորեցին միլիոնավոր հայերի։ Բայց ես սիրում եմ թուրքական երաժշտությունն ու արվեստը և ունեմ թուրք ընկերներ, ում պապերը միգուցե զինվոր էին եղել ցեղասպանության ժամանակ»

Սերիական մարդասպան Չարլզ Մենսոնը դատապարտված էր 9 մարդու սպանության համար։ Նրանցից ամենահայտնին 1969 թվականին Կալիֆորնիայում 4 հոգու, այդ թվում՝ ռեժիսոր Ռոման Պոլանսկու կին Շերոն Թեյթի սպանությունն է։ Թեյթը սպանության պահին 26 տարեկան էր ու գտնվում էր հղիության 8-րդ ամսում։