21 նոյեմբերի 2017 - 15:29 AMT
Կանավարոն, Մարադոնան, Պույոլը, Սիմոնյանը կմասնակցեն ԱԱ-2018-ի վիճակահանությանը

Ֆուտբոլի ԱԱ-2018-ի վիճակահանության հանդիսավոր արարողությանը կմասնակցեն ֆուտբոլի մի շարք աստղեր: Կրեմլի պետական պալատի բեմ դուրս կգան լեգենդար ֆուտբոլիստներ Լորան Բլանը, Գորդոն Բենքսը, Ֆաբիո Կանավորան, Կաֆուն, Դիեգո Մարադոնան, Կարլես Պույոլը և Դիեգո Ֆորլանը, որոնք հանդես կգան որպես վիճակահանությունը վարող Հարի Լինեքերի ասիստենտներ:

Միրոսլավ Կլոզեի հետ միասին, որը բեմ դուրս կբերի ԱԱ գավաթը, նրանք կներկայացնեն աշխարհի առաջնության 8 հաղթող երկրները: Վիճակահանության 8-րդ ասիստենտը կլինի Նիկիտա Սիմոնյանը, որի մասնակցության մասին ավելի վաղ էր հայտարարվել, հայտնում է championat.com-ը:

«Եզրափակիչ վիճակահանությունը հուզիչ, կախարդական պահ է ֆուտբոլի բոլոր սիրահարների համար, չէ որ այդ օրն ենք սկսում կանխազգալ այն զգացողությունները, որ բերելու է աշխարհի առաջնությունը»,-ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն: