ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Հյուսիսային Սինայի Բար էլ-Աբդ քաղաքի էր-Ռաուդա մզկիթում ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ մարդկանց կյանք է խլել։
«Հայաստանը խստագույնս դատապարտում է այդ անմարդկային արարքը և իր զորակցությունը վերահաստատում բարեկամ Եգիպտոսին՝ ահաբեկչության դեմ նրա մղած պայքարում։
Այս դժվարին պահին իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, Եգիպտոսի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասվում է նախագահի ցավակցական հեռագրում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Վերջին տվյալներով ահաբեկչության զոհերի թիվը հասել է 235-ի, 109 վիրավոր կա:
Պայթյունը որոտացել է մզկիթում աղոթքի ժամանակ, իսկ հետո ահաբեկիչները կրակ են բացել դուրս եկող մարդկանց ուղղությամբ: Եգիպտոսի նախագահն արտահերթ նիստ է հրավիրել իրավիճակը գնահատելու համար: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: