30 նոյեմբերի 2017 - 15:22 AMT
Հայաստանը՝ ռուսների համար ԱՄՆ վիզա ստանալու ամենահարմար տարբերակ

Հայաստանը ռուսների համար ԱՄՆ վիզա ստանալու ամենահարմար տարբերակն է: Նման եզրակացության են եկել ՌԴ գործարար զբոսաշրջության շուկայի առաջատար «Աերոկլուբ» ընկերությունների խմբի փորձագետները՝ վերլուծելով դեպի ԱՄՆ ռուս գործարարների ամրագրած ավիատոմսերի տվյալները և պարզել, թե ինչպես է փոխվել պահանջարկը մուտքի արտոնագրերի սահմանափակումների ներմուծումից հետո:

Ըստ հետազոտության, վիզաների տրամադրման սահմանափակումը չի ազդել ԱՄՆ և ՌԴ միջև գործարար ակտիվության վրա՝ ՌԴ-ից ԱՄՆ գործարար ուղևորությունների թիվն աճել է 22 տոկոսով 2016-ի համեմատ:

ՌԴ քաղաքացիների համար ԱՄՆ վիզա ստանալու այլընտրանքային եղանակն այլ երկրներում գտնվող ԱՄՆ դեսպանատներն են: Ըստ փորձագետների նախնական գնահատականների, առավել հարմար տարբերակն այդ առումով Հայաստանն է, քանի որ ՌԴ քաղաքացիները կարող են ՀՀ մեկնել ներքին անձնագրով, իսկ հյուպատոսական գանձումը վճարել առցանց ՌԴ տարածքում: Փաստաթղթերը հարկավոր է անձամբ ներկայացնել, սակայն ստանալ կարելի է փոստով՝ ձևակերպելով առաքումը DHL հայաստանյան ներկայացուցչությունում: Մյուս երկրներում այդպիսի հնարավորություն չկա:

Որոշ գործարարներ փորձել են վիզաներ ստանալ Վրաստանում, սակայն այս տարբերակը հասանելի է միայն ՌԴ 2 գործող արտասահմանյան անձնագիր ունեցողներին կամ նրանց, ով պատրաստ է մնալ երկրում մինչև վիզան ստանալը: Լատվիան ևս կարող է հարմար համարվել ՌԴ գործարարների համար ԱՄՆ վիզա ստանալու առումով, սակայն այդ դեպքում հարկավոր է նաև շենգենյան վիզա ունենալ:

«Աերոկլուբի» ընկերությունների խումբն առաջատար է գործարար ուղևորությունների և կորպորատիվ հաճախորդների համար գործարար ուղևորությունների կազմակերպման ոլորտում: