1 դեկտեմբերի 2017 - 11:32 AMT
ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ ջանքերին

Եվրոպական միությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և մոտեցումներին՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին դեկտեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցնումները, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Նա հույս է հայտնել, որ ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչը՝ իր մանդատի շրշանակներում, կնպաստի առկա հիմնահարցերի կարգավորմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին առնչվող հարցեր, երկուստեք կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, որ այն ամուր իրավական հիմք է ՀՀ և ԵՄ միջև համագործակցության առավել ամրապնդման և խորացման համար: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար Տոյվո Կլաարը նշել է, որ ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր առաքելությանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։