4 դեկտեմբերի 2017 - 14:24 AMT
«Հայկական օր»՝ լեհական Շեցինեկի պատմական ամրոցում

Դեկտեմբերի 2-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և Շեցինեկի քաղաքապետ Յեժի Հարդի-Դուգլասի պատվո հովանու ներքո, Շեցինեկի հայ համայնքը Լեհաստանի Հայկական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր «Հայկական օր» խորագրով միջոցառումներ:

Միջոցառումները տեղի ունեցան Շեցինեկի պատմական ամրոցում, որին մասնակցեցին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Շեցինեկի հայ համայնքի նախագահ Յուրի Խուրշուդյանը, տարածքային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողների, քաղաքի և հարակից բնակավայրերից հյուրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման բացման պաշտոնական արարողության ընթացքում ունեցած իր ելույթում դեսպան Ղազարյանն անդրադարձել է 2017 թվականի ընթացքում Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Լեհաստանի թագավոր Կազեմիր Մեծի կողմից հայերին շնորհված հատուկ արտոնության 650-ամյակի շրջանակներում ԼՀ նախագահի, Լեհաստանի Սենատի կողմից կազմակերպված բարձր մակարդակի միջոցառումներին, Լեհաստանի Սենատի և Սեյմի կողմից ընդունված հատուկ բանաձևերին և այլ միջոցառումներին, որոնք ցույց են տալիս հայերի հանդեպ Լեհաստանի իշխանությունների և ժողովրդի ունեցած մշտական հարգանքն ու բարեկամական վերաբերմունքը: Այս առումով նա նաև գոհունակությամբ նշել է Շեցինեկի հայ համայնքի ակտիվությունը:

Միջոցառմանը Լեհաստանի պատմության մեջ աչքի ընկած նշանավոր հայ գործիչների մասին դասախոսությամբ հանդես է եկել դոկտոր Լուկաշ Տժեցիակը, որից հետո ցուցադրվել է Լեհաստանի Անհայտ Զինվորի խորհրդանշական Մայր Յադվիգա Զառուգևիչովայի մասին պատմող փաստավավերագրական տեսաֆիլմ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանի պատմամշակութային հուշարձանների և գեղատեսիլ վայրերի մասին «Հայաստանի գանձերը» թեմայով զեկույցով հանդես եկավ Վահան Հակոբյանը:

Միջոցառման մշակութային ծրագրի շրջանակներում ասմունքով, հայկական էստրադային և ժողովրդական երգերի ու երաժշտական կատարումներով են հանդես եկել Աննա Պողոսյանը, Լիլիթ Մինասյանը և Նորիկ Մինասյանը: