Հայ անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ծովը» կտավը վաճառքի է հանվել կանադական Օttawa Citizen կայքում: 1860-ականներին ստեղծված կտավը վաճառելու մասին հայտարարություն է հրապարակել Ռոբ անունով Օտտավա քաղաքի մի բնակիչ:
Նա հայտնում է, որ իր մայրը մեծանուն նկարչի վրձնին պատկանող կտավը գնել է 1980-ականներին:
Կանադացին հայտարարության մեջ գրում է նաև, որ ունի Տրետյակովյան պատկերասրահի կողմից տրամադրված հավաստագիրը, որը փաստում է, որ կտավը օրիգինալն է: Միևնույն ժամանակ նա հայտնում է, որ չի գտնում նկարչի ստորագրությունը կտավի վրա:
«Հեղինակի ստորագրությունը հավանաբար մնացել է շրջանակի տակ: Ցանկանում եմ վաճառել կտավը, բայց չգիտեմ, թե ինչպես: Չգիտեմ նաև, թե շուկայում այն որքան կարժենա»,- հայտարարության մեջ նշել է կանադացին:
Նա չի բացառել նաև, որ կարող է կտավը աճուրդի հանել մեկնարկային $100.000-ով: