7 դեկտեմբերի 2017 - 10:33 AMT
Դեկտեմբերի 7-ին Հայաստանում հիշում են Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերին

Դեկտեմբերի 7-ին Հայաստանում հիշում են Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերին: 29 տարի առաջ այս օրը՝ ժամը 11:41-ին Հայաստանը մոտ 35-45 վայրկյան ցնցվեց: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 10 բալ էր: Երկրաշարժի հետևանքով ավերվածություններ եղան Հայաստանի 21 քաղաքում և 324 գյուղում: Հիմնահատակ ավերվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80 տոկոսը, մեծ վնասներ կրեց Վանաձորը: Երկրաշարժն աղետալի եղավ երկրի տարածքի 40%-ում` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերը:

Աղետը, պաշտոնական տվյալներով, 25.000 մարդու կյանք խլեց. մահացավ 17.000 գյումրեցի, 4000 սպիտակցի, 1200 վանաձորցի, 500 ախուրյանցի ու 125 ստեփանավանցի, 100.000-ը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 19.000 մարդ դարձավ հաշմանդամ, մոտ 530.000 մարդ դարձավ անօթևան: Աղետի գոտուց 120.000 մարդ տարհանվեց, որոնցից 75.000՝ Հայաստանից դուրս: ՀՀ-ին օգնություն ցուցաբերեց ամբողջ Խորհրդային Միությունն ու աշխարհը…

29 տարի անց էլ երկրաշարժի հետքևանքները դեռ ամբողջովին վերացված չեն, դեռ կան անօթևան ընտանիքներ: