8 դեկտեմբերի 2017 - 11:49 AMT
«Արմֆոնիկ» նոր հեռախոս՝ երեխաների և տարեցների համար

Հայկական առաջին հեռախոսներ ու սմարթֆոններ արտադրող «Թի-Էս-Դի» ընկերությունը ստեղծել է նոր՝ «Արմֆոնիկ» պարզ լուծումներով հեռախոսը: Այն նախատեսված է երեխաների, տարեցների և տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար:

Ընկերությունից հայտնում են, որ հեռախոսը վաճառքի կհանվի դեկտեմբերի 8-ից՝ 12.000 դրամ արժողությամբ:

Հեռախոսը հնարավորություն է տալիս նախապես ֆիքսել 4 համար և մեկ հպումով զանգահարել նախընտրած համարին:Դրա հետևամասում տեղադրված է SOS ահազանգի կոճակ, որը հնարավոր է փոխարինել նաև օգտագործողի նախընտրած մինչև 5 հեռախոսահամարով: «Արմֆոնիկը» համալրված է լապտերով, ռադիոընդունիչով և MP3 նվագարկչով:

Շնորհիվ երկարակյաց մարտկոցի ու պարզ դիզայնի՝ այն առավել հարմար է երեխաների, մեծահասակների, տեսողական (կամ հենաշարժական) խնդիրներ ունեցող մարդկանց, արշավականների և պարզապես հեռախոսային շփումը գնահատողների համար:

2016-ի հունիսին Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը վաճառքի էր հանել ArmPhone սմարթֆոնների առաջին մոդելները: Սպառողին ներկայացվել էր 5 տարբեր մոդել:

Սմարթֆոնների առանձին մոդելներ մինչև 32 ԳԲ ներքին հիշողություն ունեն, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգ, մատնահետքի ճանաչման սենսորներ և 4G կապ։