Ամերիկաբնակ հայուհի Դայան Թագվորյանը ամերիկյան KPBS հեռուստաընկերության և Կոնֆլիկտների լուծման ազգային կենտրոնի (NCRC) որոշմամբ, ճանաչվել է «Համայնքի հերոս»: Այս մասին հայտնում է KPBS-ի կայքը:
Թագվորյանը 1980-ին հիմնադրել է Environmental Health Coalition կազմակերպությունը, որը բնապահպանական ու սոցիալական գործունեություն է ծավալում, զբաղվում քաղաքացիական հասարակությանը հուզող խնդիրների լուծմամբ:
Նրա խոսքով՝ կազմակերպությունն առաջնորդվում է այն գաղափարով, որ յուրաքանչյուր մարդ արժանի է ապրել, աշխատել ապահով և անվտանգ միջավայրում:
«Մի պահ ես գիտակցեցի, որ բազմաթիվ խտրականությունների թվում կա նաև բնապահպանականը. աղքատ համայնքներում բնական միջավայրի աղտոտվածության մակարդակը շատ ավելի բարձր էր, և ստեղծված իրավիճակի համար լուծումներ չէին առաջարկվում: Մենք փորձեցինք խնդիրը բարձրաձայնել իշխանություններին, բայց պատասխանը չբավարարեց մեզ: Այժմ անցել են տասնամյակներ, և մեր կազմակերպությունը բազմաթիվ հաղթանակներ է ունեցել», - ասել է Թագվորյանը:
Թագվորյանի ձեռքբերումները գրավել են բազմաթիվ ազդեցիկ անձանց ուշադրությունը: 2009-ին ԱՄՆ նախկին ղեկավար Բարաք Օբաման նշանակել է նրան «Հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայնագրի» (NAFTA)-ի հանրային խորհրդատվական հանձնաժողովի ղեկավար:
Թագվորյանը պատմել է նաև, որ նա Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է: «Իմ պատմությունը, տատիս, պապիս պատմությունն ինձ համար շարժառիթ դարձան տառապող մարդկանց օգնելու համար»,-ասել է նա: