12 դեկտեմբերի 2017 - 12:34 AMT
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի մտել Ախալքալաքի շրջանային ժողովի նիստի օրակարգ

Ախալքալաքի շրջանային ժողովը դեմ է քվեարկել Վրաստանի ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցության ներկայացրած՝ Հայոց ցեղասպանությունը տեղական մակարդակում ճանաչելու հարցը բյուրոյի լիագումար նիստի օրակարգ ընդգրկելուն: Այս մասին հայտնում է Jnews կայքը:

Կուսակցության պատգամավորները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով Շրջանային ժողովին դիմել էին դեկտեմբերի 1-ին, որտեղ կոչ էին անում հետևողական լինել նաև հարցը Վրաստանի խորհրդարան տեղափոխելու գործում:

Հարցը նիստի օրակարգ ընդգրկելուն դեմ է քվեարկել բյուրոյի 9 անդամից 8-ը: Բյուրոյի անդամները պատճառաբանել են, որ նպատակահարմար չեն գտնում քննարկել հարցն առանց հանրային քննարկումների և խորհրդակցությունների:

«Եթե հարցը պետք է առաջ քաշենք ու արդյունք չստանանք, ինչու՞ առաջ քաշենք: Եթե վրացին այս հարցը առաջ քաշի, ավելի լավ ու ճիշտ կլինի, իսկ հետո մեր հայ պատգամավորները թող միանան», – ասել է Ախալքալաքի Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը: