Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մեթին Քյուլյունքը, ով նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից է, հովանավորել է «Օսմանցի գերմանացիներ» հանցավոր խմբավորմանը՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող օրինագծի ընդունումից հետո Գերմանիայում հակահայկական ցույցերի կազմակերպման համար: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Գերմանիայի իրավապահ մարմինները թուրք գործչի և հանցավոր խմբավորման միջև կապը բացահայտել են վերջինիս մի շարք անդամների հեռախոսազրույցները գաղտնալսելուց հետո:
Հետախուզական տվյալների համաձայն՝ «Օսմանցի գերմանացիներ» խմբավորման անդամները Քյուլյունքի տրամադրած գումարով զինամթերք են ձեռք բերել: Նրանց հանձնարարվել է նաև հետապնդել Էրդողանի գերմանաբնակ ընդդիմախոսներին՝ այդ թվում և քրդերին:
Գերմանիայի կանաչների կուսակցության` ազգությամբ թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրը, մեկնաբանելով տարածված տեղեկատվությունը, ասել է, որ Էրդողանը «դեռևս Գերմանիայից հեռու չի քաշել իր ձեռքերը»: