ՀՀ կառավարության դեկտեմբերի 14-ի նիստում հաստատվել է ՀՀ և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև € 18,5 մլն արժողությամբ վարկային համաձայնագրի նախագիծը: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ)» վարկային ծրագրի երկրորդ փուլով վերականգնվելու է Կումայրի ոռոգման ջրատարի թունելը, կառուցվելու է խողովակաշարի համակարգ, որի արդյունքում կապահովվի մոտ 740 հա տարածքի ոռոգում:
Վարկը տրամադրվում է մինչև 15 տարի մարման ժամկետով, որից մինչև 5-ը՝ արտոնյալ: Մայր գումարը մարվելու է 2023-ի մայիսի 15-ից և ավարտվելու է 2033-ի նոյեմբերի 15-ին։
Մեկ այլ որոշմամբ, Ֆինանսների նախարարությանը Վերականգնման վարկերի բանկի կողմից տրամադրվել է € 5,3 մլն չափով դրամաշնորհ։ Գումարն օգտագործվելու է գյուղատնտեսությունում ապահովագրության ծրագրի իրականացման համար։