19 դեկտեմբերի 2017 - 14:51 AMT
Նոր վիրուս Facebook-ում. Օգտատերերը ZIP-ֆայլեր են ստանում

Դեկտեմբերի 19-ին Facebook սոցցանցում սկսել է նոր վիրուս տարածվել: Օգտատերերը սկսել են ընկերներից հաղորդագրություններ ստանալ կցված ZIP-ֆայլով: Ֆայլը քողարկված է որպես տեսանյութ և կոչվում է՝ video:

Ինչպես PanARMENIAN.Net –ի հետ զրույցում ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, դա տրոյական վիրուս է, որն արխիվավորվել է սոցցանցի անվտանգության համակարգը շրջանցելու նպատակով:

«Դա նոր վիրուս է, հայտնվել է դեկտեմբերի 19-ին, այդ պատճառով էլ հակավիրուսների մեծ մասը դեռ չի տարբերակում այն: Այդ վիրուսը կարողանում է տարբերակել հակավիրուսային ծրագրերի միայն 10 տոկոսը: Այդ պատճառով էլ վիրուսն արագ տարածվում է»,-ասել է Մարտիրոսյանը:

Տեղեկատվական անվտանգության գծով փորձագետը խորհուրդ է տալիս սոցցանցի օգտատերերին չբացել ինչպես ընկերներից, այնպես էլ անծանոթ օգտատերերից ստացած կասկածելի ֆայլերը: