19 դեկտեմբերի 2017 - 15:57 AMT
Գեղասահորդուհի Մեդվեդևան չի մասնակցի ՌԴ առաջնությանը բժիշկների հորդորով

Գեղասահքի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) չի մասնակցի ՌԴ առաջնությանը բժիշկների հորդորով: Այդ տեղեկությունը հաստատել է նրա մարզիչ Ալեքսանդր Գորշկովը:

«Եվգենիան չի մասնակցի Ռուսաստանի առաջնությանը: Նա արդեն գրեթե վերականգնվել է վնասվածքից հետո, սակայն բժիշկները խորհուրդ են տվել չարագացնել գործընթացը, ուստի այսպիսի որոշում է կայացվել: Նա կպատրաստվի Եվրոպայի առաջնությանը»,-ասել է Գորշկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ 18-ամյա գեղասահորդուհին վնասվածքի պատճառով չմասնակցեց Գրան պրիի եզրափակչին, որի երկու փուլում հաղթող էր դարձել:

ՌԴ առաջնությունը 2018-ի Խաղերի ընտրական փուլերից մեկն է և կանցկացվի դեկտեմբերի 21-24-ը Սանկտ Պետերբուրգում:

Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է 2018-ի հունվարի 17-20-ը Մոսկվայում: