Ադրբեջանը, որը մի քանի տարի առաջ ֆինանսավորում էր Մադրիդի «Ատլետիկոն», կարող է դառնալ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր հովանավորը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը As-ի վրա հղումով:
Նշվում է, որ Ադրբեջանը, որը լինելու է կազմակերպության գլխավոր հովանավորն առաջիկա 5 տարիներին, պայմանագիրը կնքելու դեպքում պետք է 50 մլն դոլար վճարի իսպանացիներին: Սակայն քաղաքական իրադարձություններն ու ԱԱ-ին հավաքականների մեծ մասի, այդ թվում Իսպանիայի հավաքականի, մասնակցության և ՌԴ մեկնելու քննարկումը, հարցականի տակ է դրել պայմանագրի կնքումը:
Դա որոշակի անհանգստություն է առաջացրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում: Նույնիսկ հետաձգվել է ֆեդերացիայի մարքեթինգային տնօրեն Վիսենտե Կասադոյի և սպորտային տնօրեն Ֆերնանդո Իերոյի այցը Բաքու:
Այժմ ֆեդերացիան սպասում է, որ ՖԻՖԱ-ն հաստատի ԱԱ-2018-ի վերաբերյալ իր վերջնական դիրքորոշումը: Եթե պայմանագիրը կնքվի, այն ամենաթանկը կդառնա ֆեդերացիայի պատմության մեջ: