28 փետրվարի 2008 - 14:03 AMT
Այսօր Հայաստանի խորհրդարանը ընդունել է փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի հրաժարականը
Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի կայացած նիստին ընդունել է խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի հրաժարականը: «Խորհրդարանի կանոնակարգի համաձայն, այն դեպքում, եթե փոխխոսնակի հրաժարականի դիմումը ներկայացնելուց հետո երեք օրվա ընթացքում փոխխոսնակը չի փոխում իր որոշումը, ապա դիմումն ընդունվում է»,- ասել է հայկական խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը: Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Հովհաննիսյանին արդյունավետ աշխատանքի համար եւ հույս է հայտնել, որ Հովհաննիսյանը կշարունակի նույն ոգով, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը փետրվարի 22-ին հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնից հեռանալու մտադրության մասին, իսկ փետրվարի 25-ին նա պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել: Նախագահի նախկին թեկնածու, ՀՅԴ Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հիմնավորել է իր հրաժարականը Հայաստանի նախագահական ընտրություններում տեղ գտած խախտումներով:

Նրա հայտարարության մեջ ասվում է, որ նա մասնակցել է նախընտրական պայքարում բացառապես քաղաքական միջոցներով, հիմնվելով գաղափարախոսական, բարոյական արժեքների վրա կառուցողական քաղաքական երկխոսության շրջանակներում մրցունակության պահպանման համար: Հովհաննիսյանն ընդգծել է, որ նախընտրական պայքարում նա փորձել է ցուցադրել ելքը ընտրություններից ընտրություններ կրկնող իրադրությունից, սակայն դա նրան չի հաջողվել: