22 դեկտեմբերի 2017 - 12:46 AMT
Apple-ին դատի են տվել հին iPhone-ների միտումնավոր դանդաղեցման համար

Լոս Անջելեսի բնակիչը դատի է տվել Apple-ին այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարել է,. որ նվազեցրել է հին iPhone-ների արտադրողականությունն առանց օգտատերերի իմացության: Հայցվորը պահանջում է, որ նման գործելաոճը կասեցվի, իսկ իրեն փոխհատուցում վճարվի:

Ըստ iPhone 7-ի սեփականատեր Շտեֆան Բոգդանովիչի, հին սմարթֆոնների արտադրողականությունը նվազեցվում է կորպորացիայի շահույթն ավելացնելու և նոր մոդելների սմարթֆոնների գնորդների թիվն ավելացնելու համար: Այդ գործառույթը ներմուծվել է առանց օգտատերերի իրազեկման, պնդում է Բոգդանովիչը, գրում է Lenta.ru-ն 9to5mac-ի վրա հղումով:

Հայցում հաշվի չի առնվում այն փաստը, որ ժամանակի հետ լիթիումաիոնային մարտկոցները մաշվում են, որը որոշակի պայմամններում հանգեցնում է սարքի անջատմանը՝ պաշտպանելով էլեկտրոնային բաղադրիչները: Բոգդանովիչից հետո նմանատիպ պահանջներով դատարան է դիմել նաև Չիկագոյի 5 բնակիչ:

Apple ընկերությունն արձագանքել է հին iPhone-ների արտադրողականությունը միտումնավոր նվազեցնելու մեղադրանքներին՝ խոստովանելով, որ միտումնավոր է նվազեցնում պրոցեսորների տակտային հաճախականությունը: Դեկտեմբերի 11-ին Reddit-ում նկատեցին, որ հին այֆոնները սկսում են ավելի արագ աշխատել մարտկոցը փոխարինելուց հետո: Օգտատերերը եկել են եզրակացության, որ Apple-ը միտումնավոր է նվազեցրել հին iPhone արտադրողականությունը: