23 դեկտեմբերի 2017 - 12:00 AMT
Ռուսաստանյան նոր ավիափոխադրողը դեպի ՀՀ չվերթներ կիրականացնի

Վերջերս հիմնադրված ռուսաստանյան «Ազիմուտ» ավիաընկերությունը մտադիր է 2018 թվականին չվերթներ իրականացնել ԵԱՏՄ երկրներ, այս թվում Հայաստան: Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ընկերության ռազմավարական զարգացման գծով տնօրեն Դմիտրի Զվոնարևը:

2017 թվականի սեպտեմբերին ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Պավել Ուդոդն առաջարկել էր լրացնել Դաշնության օդային օրենսգիրքը՝ ԵԱՏՄ երկներ թռիչքներ իրականացնելու թույլատվության նպատակով:

Համաձայն օրենսգրքի՝ նոր հիմնադրված ավիաընկերությունը միջազգային չվերթներ իրականացնելու համար պետք է ներքին չվերթներ իրականացնի երկրում առնվազն երկու տարի:

ՌԴ տրանսպորտի նախարար Մակսիմ Սոկոլովը հայտնել է, որ օրենսգրքում փոփոխություններ կատարելու որոշում է ընդունվել:

«Այժմ մենք կարող ենք մեզ համարել միջազգային ավիափոխադրող՝ սահմանափակ աշխարհագրությամբ: Մենք կարող ենք չվերթներ իրականացնել ԵԱՏՄ երկրներ՝ Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան: Արդեն սկսել ենք միջազգային չվերթների նախապատրաստական աշխատանքները, և պլանավորում ենք թռիչքների մեկնարկը տալ 2018-ին», - ասել է Դմիտրի Զվոնարևը: