25 դեկտեմբերի 2017 - 14:17 AMT
Իրանի նախագահն այցելել է զոհված հայ զինվորների ընտանիքներին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ զոհված հայ զինվորների ընտանիքներ է այցելել: Այս մասին գրում է իրանական IRNA գործակալությունը:

Գեորգեքեշիշ և Շահմիրյան ընտանիքների հայրերը նահատակվել են 1980-88 թվականների Իրան-իրաքյան պատերազմում:

«Ես հույս ունեմ, որ Քրիստոսի պատվիրանները կարող են առաջնորդել մարդկությանը դեպի խաղաղություն և համերաշխություն: Ամբողջ Իրանի ժողովուրդը պաշտպանում է մեր նահատակների թափված արյունը, որոնք անձնազոհության գնով պաշտպանեցին իրենց հայրենիքը», -ասել է երկրի առաջնորդը:

Ռոհանին ասել է նաև, որ Իրանի կրոնական և ազգային խմբերը միշտ միասին են դիմագրավում երկրի մարտահրավերներին:

«Քրիստոնյաները և մուսուլմանները շատ են հալածվել ահաբեկիչների կողմից Իրաքում, Սիրիայում և Լիբանանում: Քրիստոնյաները և մուսուլմանները պետք է հիմա առավել քան երբևէ օգնեն միմյանց այսպիսի իրավիճակում»,- ասել է Հասան Ռոհանին: