Կանայք Իրանում այլևս չեն ձերբակալվի իսլամական հագուկապի կանոնները խախտելու համար: Associated Press գործակալության փոխանցմամբ, այս մասին ասել է Թեհրանի ոստիկանության պետ, գեներալ Հոսեյն Ռահիմին:
«Ոստիկանությունն այլևս չի ձերբակալի ու հատուկ կենտրոններ չի ուղարկի կանանց, որոնք կխախտեն 1978–1979 թվականների իսլամական հեղափոխությունից հետո հաստատված հագուկապի հատուկ կանոնները»,- ասել է Թեհրանի ոստիկանապետը:
Նրանց դեմ նաև այլևս քրեական գործեր չեն հարուցվի:
Իսլամական օրենքներին չհամապատասխանող հագուկապ ունեցող կանայք փոխարենը կհաճախեն ոստիկանականության կազմակերպած դասընթացներին: Կանոնները պարբերաբար խախտողների նկատմամբ պետությունը դատական գործընթաց կսկսի:
Վերջին 40 տարում իրանցի կանանց պարտադրվել է ծածկել մազերը երկար գլխաշորով: Երիտասարդներն ավելի ազատամիտ եմ, նրանք կրում են այնպիսի գլխաշորեր, որոնք ամբողջությամբ չեն ծածկում մազերը: