
2018-ին Հայաստանում ծնելիության մակարդակը կնվազի 7-8%-ով, մահացածների թիվը կաճի, ամուսնություններինը՝ կնվազի: Panorama-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանից միգրացիոն հոսքերի համար վերջին տարիներին արտաքին լուրջ գործոն հանդիսացել է երկրի ԵԱՏՄ անդամակցությունը: 2017-ին տնային տնտեսությունների 35%-ից ավելին մասնակից է եղել միգրացիոն գործընթացներին: 2016-ի համեմատ 2% աճ է նկատվել:
«Օրինական հիմունքներով, պայմանագրերով արտերկրում աշխատելու հեռանկարը գայթակղել է հազարավոր մարդկանց: Միգրացիան այլևս աղքատությունից խուսափելու միջոց չէ: Շատ են այն ընտանիքները, որոնք միգրացիայի արդյունքում տնտեսական վիճակի ոչ թե բարելավում են ունենում, այլ վատթարացում»,- նշել է Եգանյանը՝ հավելելով, որ միգրացիոն հոսքերի զգալի մասը բաժին է հասնում Ռուսաստանին: