1 մարտի 2008 - 08:04 AMT
Հայաստանի ոստիկանությունը ցրել է ընդդիմության հանրահավաքը Երեւանի կենտրոնում
Այսօր տեղի ժամանակով 7:00-ին Հայաստանի ոստիկանությունը ցրել է ընդդիմության հանրահավաքը Երեւանի կենտրոնում: Ըստ ականատեսների, ցրելու գործողության ժամանակ հրապարակում են եղել մի քանի հազար մարդ: Իրավապահ մարմինների աշխատակիցները կիրառել են ռետինե մահակներ:

Ըստ PanARMENIAN.Net-ի ստացած տեղեկության, ընդդիմադիր շարժումը գլխավորող Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը հանրահավաքի ժամանակ նույնպես Ազատության հրապարակում էր, ներկայումս տնային կալանքի տակ է:

Նշենք, որ այսօր 15:00-ին ընդդիմությունը կրկին մտադիր է հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Եթե մուտքը հրապարակ փակ լինի, ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել Մաշտոցի պողոտայում:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմադիր ուժերը 10 օր անընդմեջ հանրահավաքներ էին անցկացնում` պահանջելով անվավեր հայտարարել ընտրությունների արդյունքները: