9 հունվարի 2018 - 18:33 AMT
Տաջիկստանը պատրաստվում է օդային հաղորդակցություն հաստատել Հայաստանի հետ

Տաջիկստանի կառավարությունը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ օդային հաղորդակցություն հաստատելու ուղղությամբ: Այս մասին գրում է News.tj լրատվական կայքը:

Հայաստանի և Տաջիկստանի կառավարությունների միջև օդային հաղորդակցության վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել էր 2017 թվականի հունիսի 14-ին:

Երկրի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է հայկական կողմին տեղեկացնել Տաջիկստանի կողմից՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

2017-ի հունիսին նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Այցի ընթացքում նախագահները պայմանավորվել էին քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև ուղիղ չվերթների իրականացման ուղղությամբ: