12 հունվարի 2018 - 11:38 AMT
Facebook-ում լրահոսը կփոխվի. Ընկերների գրառումները կավելանան, նորությունները՝ կպակասեն

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ շուտով ֆեյսբուքյան լրահոսում ավելի հաճախ կհայտնվեն հարազատների և ընկերների գրառումները, իսկ ԶԼՄ-ների և ընկերությունների գրառումներին տրվող նախապատվությունը կնվազի: Այդ մասին Ցուկերբերգը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում:

Նա նշել է, որ այժմ սոցցանցի թիմը կկենտրոնանա ոչ թե կարևոր բովանդակություն օգտատերերին ներկայացնելու, այլ սոցիալական նշանակություն ունեցող շփումներին սատարելու վրա: Նա հավելել է, որ այդ նորամուծությունը ներդնելու համար մի քանի ամիս կպահանջվի:

«Ներմուծելով այդ փոփոխությունները՝ ես ակնկալում եմ, որ մարդիկ ավելի քիչ ժամանակ կանցկացնեն Facebook-ում: Սակայն, ես նաև հուսով եմ, որ այդ ժամանակն ավելի արժեքավոր կլինի»,-գրել է սոցցանցի հիմնադիրը: Ցուկերբերգը ենթադրել է, որ եթե այդ քայլն իրեն արդարացնի, ապա երկարաժամկետ հեռանկարում այն դրական կազդի նաև սոցցանցի բիզնեսի վրա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Facebook սոցցանցն այսուհետ կտեղեկացնի օգտատիրոջ լուսանկարի հրապարակմանմասին, անգամ եթե նրան չեն նշել: Այդ նպատակով ծառայությունը կօգտագործի դեմքերի տարբերակման համակարգը: Օգտատերը, որին Facebook-ը կգտնի լուսանկարում, կկարողանա նշել իրեն, հրաժարվել առաջարկից կամ տեղեկացնել, որ դա ինքը չէ: