22 հունվարի 2018 - 15:33 AMT
Երևանի Կապույտ մզկիթը ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկելու համար հայտ է ուղարկվել Իրան

Հայաստանի մշակույթի նախարարությունը Երևանի Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու գործընթացի շրջանակում հայտ է ուղարկել Իրանի գործընկերներին՝ ուսումնասիրութունների և եզրակացության համար: Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Իրանի մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության նախագահ Հոսեյն Թալեբյանն ասել է, որ մզկիթի մոտակայքում մի շարք կառույցներ խոչընդոտում են գործընթացին: Նա հավելել է, որ հարցը քննարկվել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ:

2013-ին ՀՀ Մշակույթի նախարարությունը հայտարարել էր, որ մտադիր է Երևանի Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ներկայացնելու գործընթաց սկսկել: Իրանական կողմը ողջունել էր նախաձեռնությունը:

Ավելի վաղ, Իրանը հայտարարեց Սպահան նահանգի Ջուղայում գտնվող հայկական Սբ Ամենափրկիչ եկեղեցին գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու մասին: Իրանն արդեն երկրի տարածքում գտնվող երեք հայկական եկեղեցի է գրանցել ցանկում: