22 հունվարի 2018 - 18:30 AMT
2018-ի ձմեռային Օլիմպիադային ՀՀ-ն 3 դահուկորդ կներկայացնի

Հայաստանը Փհենչհանում կայանալիք 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին դահուկասպորտ մարզաձևում երեք մասնակից կներկայացնի: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի փոխանցմամբ, դահուկավազքի տղամարդկանց հավաքականը նվաճել է մեկ ուղեգիր, իսկ կանանց թիմը ստացել է սպիտակ քարտի իրավունք:

Եվս մեկ սպիտակ քարտ ստացել է լեռնադահուկային սպորտի տղամարդկանց հավաքականը:

«Առաջիկա օրերին ֆեդերացիան կհրավիրի նախագահության արտահերթ նիստ: Որոշելու ենք, թե որ մարզիկները պետք է հանդես գան Փհենչհան-2018-ում և համապատասխան գրությամբ դիմելու ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե»,-ասել է Գագիկ Սարգսյանը:

Ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան փետրվարի 9-25-ը հարավկորեականՓհենչհանում: