23 հունվարի 2018 - 16:09 AMT
Ինչպես են պետական գերատեսչությունները հակասում միմյանց գնաճի հարցում

Հունվարի 23-ին ԱԺ-ում թանկացումների վերաբերյալ լսումների ընթացքում Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել է, որ բենզինի, գազի և դիզելային վառելիքի թանկացումը հիմնականում պայմանավորված է հարկային փոփոխություններով։

Նույն օրը, նույն լսումների ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Միրումյանը, հակասելով Շաբոյանին, ասել էր, որ բենզինի ակցիզային հարկի ավելացումը ընդհանուր գանճի վրա ազդել է ընդամենը 0,02%- ով:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը խորհրդարանական լսումներին հայտարարել է, որ դիզվառելիքի գնաճը էական ազդեցություն է ունենալու ցորենի գնի վրա: Նա մտահոգություն է հայտնել, որ թանկացումների թիրախում առաջին հերթին գյուղատնտեսությունն է:

ՊԵԿ փոխնարար Միրումյանը, սակայն, վստահեցրել է, որ հարկային փոփոխությունների հետևանքով թանկացած բենզինը, գազն ու դիզելը շղթայական թանկացումների պատճառ չեն դառնալու:

2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային նոր օրենսգիրքը բենզինի, դիզվառելիքի, սեղմված գազի համար սահամանել է ակցիզային հարկի նոր դրույքաչափեր, ինչը հանգեցրել է նշված ապրանքների թանկացմանը: Ավելի վաղ, գրաֆիկով ներկայացրել էինք դիզվառելիքի, սեղմված գազի և բենզինի համար ակցիզային հարկի նախկին և գորոծող դրույքաչափերը, ինչպես նաև դրանց՝ 2017 թվականի դեկտեմբերի և 2018 թվականի հունվարի սակագները: