Պոլսի հայոց պատրիարքարանի հրահանգով, Թուրքիայի հայկական բոլոր եկեղեցիներում կաղոթեն Սիրիայի Աֆրինում երկրի զինված ուժերի և Սիրիայի ազատ բանակ խմբավորման համատեղ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության հաջողության և դրա մասնակիցների անվտանգության համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, մեջլիսի հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը:
Պատրիարքարանը նաև թուրքական բանակին իր աջակցությունը հայտնող հաղորդագրություն է հրապարակել, որտեղ ասվում է, որ աղոթում են հանուն ահաբեկչության վերացման, խաղաղության հաստատման, Թուրքիայի տարածքային ամբողջականության և թուրք ժողովդրի միասնության:
Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում:
Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Հայտարարվեց, որ խոցվել է 113 նախանշված թիրախներից 108-ը: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, որը Սիրիայի անբաժանելի մասն է: