4 մարտի 2008 - 18:28 AMT
Հայաստանի ՍԴ-ն հանձնարարել է Գլխավոր դատախազությանը ապահովել Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը նրա հայցի քննությանը
Հայաստանի Սահմնադրական դատարանը հանձնարարել է Գլխավոր դատախազությանը ապահովել Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման մասին նրա հայցի քննությանը: Սահմանադրական դատարանը սկսել է փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները բողոքարկող հայցերի քննությունը: Հայցերը ներկայացրել են նախագահի պաշտոնի թեկնածուներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Տիգրան Կարապետյանը. դրանք ՍԴ-ն դիտարկելու է միասնական վարույթում:

ՍԴ-ն մերժել է Լեւոն Տեր-Պետրոսյանի միջնորդագիրը Սահմանադրական դատարանի շենքի մոտ ոստիկանական զորքեր տեղակայելու մասին: ՍԴ-ի դատական գործընթացի հասարակայնությունն ապահովելու մասին Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների միջնորդագրին ի պատասխան, ՍԴ-ն բացատրել է, որ դատարանի բոլոր նիստերը ձայնագրվում են:

Բացի այդ, ըստ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, նիստը նկարահանվելու եւ հեռարձակվելու է հեռուստաընկերությունների կողմից, սակայն գուցե եւ ոչ ամբողջությամբ: «Գործի հասարակայնությունն է ապահովելու նաեւ ՍԴ մամլո ծառայությունը, որը ամեն օր մամլո հաղորդագրություններ է տարածելու»,- հայտարարել է Հարությունյանը:

ՍԴ նիստին Տիգրան Կարապետյանի ներկայացուցիչ Արսեն Ղազարյանը նշել է, որ միջազգային դիտորդները նախագահական ընտրությունների ժամանակ էական խախտումներ են արձանագրել, ինչը եւ հնարավորություն է տալիս բողոքարկելու պետության ղեկավարի ընտրությունների արդյունքները, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: