24 հունվարի 2018 - 15:22 AMT
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի թունելները 1 ամսով ցերեկվա ժամերին փակվում են

Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհի Ձորագետ գյուղին հարակից թունելները հունվարի 29-ից փետրվարի 28-ը բաց են լինելու միայն երեկոյան ու գիշերվա ժամերին։

Շինարարական աշխատանքների իրականացման պատճառով նրանք փակ են լինելու առավոտյան ժամը 08:00-ից երեկոյան 19:00-ը, հայտնում են ԱԻՆ-ից։

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի վերակառուցումը սկսել էր 2016-ի սեպտեմբերին և, ըստ պլանի, պիտի ավարտվի 2019 թվականի մայիսին։

Ծրագիրն իրագործվում է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի 101 մլն եվրո վարկով:

Մ- 6 ճանապարհն անցնում է ՀՀ Լոռու և ՀՀ Տավուշի մարզերի թվով 33 համայնքով, ավելի քան 167 հազար մարդ ընդհանուր բնակչությամբ: Վանաձոր քաղաքի տարածքում կհիմնանորոգվի 6.7կմ, Վանաձոր-Ալավերդի հատվածում՝ մոտ 43.9 կմ, Ալավերդի քաղաքի տարածքում՝ 3.4 կմ, Ալավերդի-Վրաստանի սահման հատվածում՝ մոտ 36.3կմ ճանապարհ:

Ճանապարհահատվածում գտնվող 12 կամուրջից երեքը կքանդվեն՝ փոխարենը կկառուցվեն նորը։ Ինը կամուրջներ կհիմնանորոգվեն: Կնորոգվեն նաև ճանապարհին գտնվող թունելները: