25 հունվարի 2018 - 10:54 AMT
Արցախի ԱԳ նախարարն ու Կասպրշիկը քննարկել են իրավիճակը շփման գծում

Հունվարի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում առկա իրավիճակը։ Արցախի ԱԳ նախարարը նշել է, որ շփման գծում տիրող հարաբերական հանգստությունն ավելի շատ իրավիճակային բնույթ է կրում, ինչի վկայություն է այն փաստը, որ արդեն իսկ հունվարի սկզբից ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունեցել։

Այս համատեքստում Մասիս Մայիլյանը դրական է գնահատել Կրակովում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ սկզբունքային համաձայնության ձեռքբերումը՝ հույս հայտնելով, որ պայմանավորվածությունների իրագործումը կբարձրացնի գրասենյակի մոնիթորինգային կարողությունները, քանի որ առանց միջադեպերի հետաքննության և դրանց կրկնության կանխարգելման մեխանիզմների ներդրման իրավիճակն ամեն պահի կարող է փոխվել։

Կողմերն անդրադարձել են նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։

Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: