26 հունվարի 2018 - 12:14 AMT
Գործադիրի նոր կազմում առաջին փոխվաչապետ կլինի

Ապրիլին նոր կառավարությունը կազմված կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից: Այս մասին նշվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծում:

Նոր ստեղծված առաջին փոխվարչապետի պաշտոնի համար նախագահին թեկնածու է առաջարկում վարչապետը՝ իր նշանակումից հետո հնգօրյա ժամկետում:

Վարչապետը սահմանում է նաև իր բացակայության ժամանակ առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը և լիազորությունների ծավալը:

Լիազորությունները ստանձնած նոր կառավարության անդամները պետք է նաև երդվեն Հայաստանի նախագահին՝ նրա նստավայրում:

Հայաստանի կառավարման կարգը փոփոխող՝ նախագահականը խորհրդարանական դարձնող նոր սահմանադրության դրույթները ուժի մեջ կմտնեն 2018 թվականին մի քանի փուլերով՝ ուղեկցվելով նաև օրենսդրական փոփոխություններով: