26 հունվարի 2018 - 16:50 AMT
Արցախը հետագայում ևս հնարավորինս կաջակցի The HALO Trust-ի գործունեությանը

Հունվարի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է The HALO Trust ոչ կառավարական կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնին։

Կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ Արցախում մարդասիրական ականազերծման ուղղությամբ կազմակերպության գործունեության, մասնավորապես, առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացման վերաբերյալ, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Մասիս Մայիլյանը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը հետագայումս ևս հնարավորինս աջակցել հանրապետությունում The HALO Trust-ի գործունեությանը։

Լեռնային Ղարաբաղում պատերազմի տարիներին տարածաշրջանի զգալի տարածքներ ականապատվեցին: Ընդհանուր առմամբ ականապատ տարածքների մակերեսը կազմում էր 50 քկմ: Պատերազմական տարիներին լայնորեն օգտագործվել են հակատանկային ականներ, որոնք տեղադրվել են այդ թվում նաև ճանապարհներին ու դրանց եզրերին՝ տրանսպորտի ոչնչացման համար: Չպայթած ականները բազում զոհերի, վիրավորների ու ավերածությունների պատճառ են եղել նաև պատերազմից հետո: Ականապատվել էին նաև ԼՂ բերքատու տարածքներից շատերը, որի հետևանքով բնակչությունը չէր կարողանում գյուղատնտեսությամբ զբաղվել: Ականների պայթյունների հետևանքով շատ անգամ տրակտորներ ու այլ գյուղտեխնիկա է շարքից դուրս եկել: