26 հունվարի 2018 - 18:53 AMT
Երևանի 2800-ամյակի միջոցառումները կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ին

Երևանի հիմնադրման 2800-ամյակի համաքաղաքային տոնակատարությունների միջոցառումները տեղի կունենան սեպտեմբերի 29-ից 30-ը: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցության ընթացքում այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցությանը ներկայացվել են միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը, ինչպես նաև մի շարք միջոցառումների մասով իրականացված նախապատրաստական աշխատանքները:

Քննվարկվել են նաև 2018-ին Հայաստանում կայանալիք կարևորագույն պետական մյուս երկու խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ը: Գագաթնաժողովի շրջանակներում ծրագրված միջոցառումների մասին զեկուցել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: