29 հունվարի 2018 - 16:31 AMT
ԱԳ նախարար. ԼՂ փաթեթային հանգուցալուծումը ենթադրում է նաև փուլային կիրառում

ԼՂ հիմնախդնրի փաթեթային հանգուցալուծումը նկատի ունի նաև փուլային կիրառում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Եռանախագահները բազմիցս հայտարարել են, որ հիմնախնդիրը պետք է լուծվի այն տարրերի հիման վրա, որոնք ներկայացվել են կողմերին որպես մեկ ամբողջություն`այսինքն որպես փաթեթ: Փորձել առանձնացնել մեկ դրույթը, անհնար կդարձնի հիմնախնդրի կարգավորումը», - նշել է նա, հայտնումն է Panorama.am-ը:

Նալբանդյանի խոսքով՝ փաթեթային մոտեցումն առաջարկված է եռանախագահների կողմից և դրա մասին բազմիցս է հայտարարվել, նաև՝ ամենաբարձր մակարդակով:

«Բազմիցս նշել ենք, որ փաթեթային հանգուցալուծումը, բնակաբանար, նկատի ունի նաև փուլային կիրառում», - ընդգծել է նախարարը:

Նալբանդյանը հայտարարել է նաև, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԼՂ հարցում տարածքային զիջումների մասին չի խոսել:

«Մակրոնն այդպիսի բան չի ասել: Ես ներկա եմ գտնվել բանակցություններին ու ասուլիսին: Իսկ այն փոխզիջումների մասին, որ խոսում են եռանախագահող երկրները, ներառյալ նաև Ֆրանսիան, իրենք ունեն միասնական դիրքորոշում, որոնք արտահայտված են նախագահների 5 հայտարարությունների մեջ», - նշեց նա:

Նալբանդյանի խոսքով՝ այդ փոխզիջումային մոտեցումը փաթեթային մոտեցումն է և դա կոնցեպտուալ լուրջ փոփոխություն է վերջին տարիներին ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որովհետև եռանախագահող երկրները հայտարարում են, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է լուծվել ԼՂ բնակչության ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա պարտադիր միջազգային իրավական ուժ:

Նալբանդյանը հավելել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունների ընդլայնմանը Հայաստանը միշտ կողմ է եղել: «Եթե ավելացվեն այդ առաքելության թե քանակը, թե արդյունավետությունը, ապա դա կարող է նպաստավոր լինել լարվածության նվազեցման համար: Դա կարող է նպաստել նաև 1994-95 թվականին ձեռք բերված համաձայնությունների կատարմանը», - նշել է Նալբանդյանը:

Հունվարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի ժամանակ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը։