30 հունվարի 2018 - 11:47 AMT
ԱՄՆ «Կրեմլյան զեկույցում» 3 հայազգի օլիգարխ է ընդգրկվել

Ռուսաստանաբնակ երեք հայազգի գործարար՝ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը և Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) ընդգրկվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության «Կրեմլյան զեկույցում», որտեղ ներառված անձանց նկատմամբ կարող են ապագայում պատժամիջոցներ կիրառվել:

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, զեկույցում հայտնվել են ՌԴ 96 խոշոր գործարար և 104 բարձրաստիճան պաշտոնյա, որոնք հնարավոր է՝ կապ ունեն 2016-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին Կրեմլի միջամտության հետ:

Ցանկում ընդգրկված անձինք առայժմ չեն ենթարկվում ԱՄՆ-ին կողմից պատժամիջոցների, կամ որևէ արգելքների ու սահմանափակումների: Ըստ Bloomberg-ի, չնայած սրան, սա կարող է ամերիկյան և եվրոպական ֆինանսական կառույցներին, բանկերին ստիպել խուսափել նրանց հետ գործակցելուց:

Բարձրաստիճան պաշտոնյաներից ընդգրկված են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գործադիր, օրենսդիր մարմինների, պետական ընկերությունների այլ ներկայացուցիչներ:

Ցանկում ներառվել են $1 մլրդ-ից ավելի կարողություն ունեցող գործարարներ, որոնք սերտ հարաբերություններ ունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ամբողջական զեկույցը՝ այստեղ:

Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը «Տաշիր» ըկերությունների խմբի նախագահն է,Սերգեյ Գալիցկին՝ «Մագնիտ» ցանցի սեփականատերը, իսկ Դանիլ Խաչատուրովը՝ «Ռոսգոսստրախի» նախկին նախագահը:

Ավելի վաղ, ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել քրեական աշխարհի հետ կապ ունեցող Ռուսաստանում և հետխորհրդային այլ երկրներում բնակվող մի շարք անձանց, այդ թվում ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ:

Ըստ պատժամիջոցների՝ «սև ցուցակում» հայտնվածներին արգելվում է մուտք գործել ԱՄՆ-ի տարածք, զբաղվել երկրում բիզնեսով: Ինչպես նաև սառեցվում են ԱՄՆ-ում ունեցած բանկային հաշիվները: