30 հունվարի 2018 - 16:58 AMT
Չեխ. Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է

Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը ասել է, որ վերջերս «զինագործների» ակումբ տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Այս մասին գրում է Evening Standard-ը:

«Մխիթարյանը շատ խելացի, փորձառու և արագ ֆուտբոլիստ է: Ես բազմիցս Չեխիայի հանրապետության հավաքականի կազմում խաղացել եմ նրա դեմ և համոզվել՝ որքան լավ խաղացող է նա», - ասել է չեխ դարպասապահը:

Չեխը համոզմունք է հայտնել, որ «զինագործների» խաղաոճը կհամապատասխանի Մխիթարյանին:

«Դոնեցկի «Շախտյորում», Հայաստանի հավաքականում կամ էլ հատկապես Դորտմունդի «Բորուսիայում» նրա ելույթները նայելիս, կտեսնեք, թե որքան բարձրակարգ խաղացող է: Հուսով եմ` այստեղ նա կկարողանա դրսևորել իր իրական որակները»- ասել է դարպասապահը:

Հունվարի 30-ին Մխիթարյանը կարող է իր առաջին հանդիպումն անցկացնել «Արսենալի» կազմում` մասնակցելով «Սուոնսիի» հետ Պրեմիեր լիգայի հերթական մրցափուլի խաղին: