31 հունվարի 2018 - 12:56 AMT
Նախարարությունն ու թարգմանիչը հակառակ պնդումներ են անում Սաակաշվիլիի գրքի շնորհանդեսի մասին

Մշակույթի նախարարությունը որևէ կապ չունի Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի չեղարկման հետ: Այս մասին. PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան, հայտնեց մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը:

Ավելի վաղ, Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Երևանի թանգարաններից մեկում փետրվարի 7-ին նախատեսված գրքի շնորհանդեսը չեղարկվել է։ Նա ասել էր, որ պաշտոնական պարզաբանմամբ՝ տեխնիկական խնդիրներն են միջոցառման չեղարկման պատճառը, սակայն ինքը քաղաքական դրդապատճառներ էր տեսել:

Նահապետյանը մեզ հետ զրույցում, ասաց, որ հաշվի առնելով նախարարության գործելաոճը, վստահ է՝ գերատեսչությունը կանգնած է գրքի շնորհանդեսի չեղարկման հետևում:

«Նախկինում նախարարությունից նման դեպքեր են թույլ տվել, սակայն մշտապես ասել են, որ կապ չունեն: Սրանք ընդամենը կասկածներ չեն. այն, որ միջամտություն եղել է, համոզվել եմ բազամթիվ աղբյուրներից», -ասաց Նահապետյանը:

Նրա խոսքով՝ թանգարանի ղեկավարությունը, որտեղ պետք է կայանար շնորհանդեսը, պատճառաբանել է, որ չեղարկման պատճառները տեխնիկական են:

«Ես վստահ եմ՝ պատճառները քաղաքական են», -ասաց Նահապետյանը:

Նա հավելեց նաև, որ գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու «Նոյյան տապան» գրատանը, իսկ օրն ու ժամն անփոփոխ են՝ փետրվարի 7-ին, 19:00-ին:

Շնորհանդեսի չեղարկամանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր նաև ինքը Սաակաշվիլին՝ ասելով, որ «Մոսկվայի հատուկ գործակալներն այստեղ էլ միջամտեցին»: