31 հունվարի 2018 - 16:07 AMT
Շավարշ Կարապետյանը համալրել է Պուտինի վստահված անձանց ցանկը

Հունվարի 30-ին ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել է ՌԴ նախագահի թեկնածու, երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցուցակի երրորդ մասը:

Ըստ ՌԴ օրենսդրության, նախագահի թեկնածուն իրավունք ունի մինչև 600 վստահված անձ ունենալ: Ավելի վաղ Պուտինի նախընտրական շտաբի համանախագահ Ելենա Շմելյովան հայտարարել էր, որ Պուտինը 500 վստահված անձ կունենա:

Ըստ ցուցակի, Պուտինի վստահված անձանց ցանկը համալրել է Շավարշ Կարապետյանը: Սուզալողորդ Կարապետյանն աշխարհի 11-ակի ռեկորդակիր է, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն։ 1976-ին նա տասնյակ մարդկանց կյանք է փրկել Երևանյան լիճն ընկած տրոլեբուսից:

Պուտինի վստահված անձանց շարքում է նաև պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ Ալեքսանդր Չուբարյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վստահված անձանց առաջին և երկրորդ ցուցակում ևս կան հայկական ազգանուններ՝ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և ռուսաստանաբնակ թրասուսերակիր, Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը: Վստահված անձանց թվում են նաև Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիորտրովսկին, բժիշկ Սերգեյ Ավետիսովը, ռեժիսոր Կարեն Շախնազարովը,գրող-հումորիստ Եվգենի Պետրոսյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը:

Ռուսաստանի նախագահական ընտրություններն անցկացվելու են մարտի 18-ին, ընտրարշավը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերի 18-ին:

Photo: Oleg Makarov RIA