31 հունվարի 2018 - 16:16 AMT
Օբամեյանգն ու Մխիթարյանը կրկին միասին կխաղան

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»: Այս մասին հայտնում է «զինագործների» պաշտոնական կայքը:

Նշվում է, որ ֆուտբոլիստի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր, իսկ տրանսֆերը ռեկորդային գումար է արժեցել:

Գաբոնացի ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայում» խաղացել է 2013 թվականի հուլիսից: Նույն թվականին ակումբ է տեղափոխվել նաև վերջերս «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա Օբամեյանգի հետ «Բորուսիայում» խաղացել է երեք տարի՝ մինչև 2016 թվականը, որից հետո տեղափոխվել է ՄՅՈւ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» €63 մլն-ի դիմաց համաձայնության է եկել «Բորուսիայի» հետ` Օբամեյանգի տրանսֆերի շուրջ: