Մեկնարկել են Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները: Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Քաղաքային կայուն զարգացման ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհի այս հատվածը կունենա 9,4 կմ երկարություն, 6 երթևեկելի գոտի՝ միջինը 24 մ լայնությամբ:
Ճանապարհը կունենա 3 ուղեանց՝ Օհանով, Տիչինա փողոցներում, ևս մեկն էլ` Չաուշ-Նոր Սիլիկյան փողոցների խաչմերուկում: Ճանապարհի երկայնքով կկառուցվի նաև 3 անցում՝ երկրորդային փողոցների համար, նաև տրանսպորտային մեկ հանգույց՝ նոր կառուցվող ճանապարհի և Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում:
Շինարարական աշխատանքների ընթացքում երթևեկելի գոտուց ամբողջությամբ կտեղափոխվեն բոլոր անհրաժեշտ հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկնարկի արարողությանը նշել է, որ 2020 թվականի սկզբին մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող, շուրջ 23 կմ երկարությամբ Երևանի հյուսիսային և հարավային մուտքերը կապող ճանապարհ կստեղծվի, ինչը տրանսպորտային հոսքերից զգալիորեն կբեռնաթափւ քաղաքի կենտրոնն ու գլխավոր փողոցները։
Աշխատանքների արժեքը կկազմի մոտ $32.95 մլն ԱՄՆ դոլար։
Առնո Բաբաջանյան փողոցը կապում է Իսակովի պողոտան ու Մալաթիա թաղամասում գտնվող Րաֆֆու փողոցը։ Ծրագրի համաձայն, Բաբաջանյան-Րաֆֆի փողոցների հատման կետից մինչև Գևորգ Չաուշ փողոցի ու Աշտարակի խճուղու հատման կետը։