31 հունվարի 2018 - 17:05 AMT
Ջիգարխանյանը հոսպիտալացվել է սրտի նոպայով

Հայտնի դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է: Այդ մասին հայտնել է աղբյուրը բուժհաստատությունից:

«Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է, նա Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է՝ այս անգամ սրտի նոպայով: Նա անգիտակից վիճակում է: Հիմա նրան հանգստություն և բուժում է պետք»,-ասել է աղբյուրը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ջիգարխանյանի նոպան կապված է թերի բուժված թոքաբորբի հետ, բարդություններ են առաջացել, շտապ հոսպիտալացման կարիք եղավ»,-ասել է նա:

Թատրոնում հաստատել են Ջիգարխանյանի հոսպիտալացման լուրը:

Հունվարի 31-ին Մոսկվայի Կունցևոյի շրջանի դատարանը հաստատել է հայտնի դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ապահարզանի մասին որոշումը: Նախորդ որոշումը բողոքարկել էին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի իրավաբանները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի ապահարզանը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ անվավեր է ճանաչվել: Այդ մասին հայտարարել է Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆենովը: Իրավաբանը պատմել է, որ 2017-ի վերջում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բողոքարկել էր ապահարզանի մասին դատարանի որոշումը:

Ավելի վաղ մեծ սկանդալ բռնկվեց 82-ամյա դերասանի և նրա 38-ամյա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շուրջ, որը սկսվեց նրանից, որ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հայտնվեց հիվանդանոցում: Հոսպիտալացումից հետո նա հայտարարեց, որ մտադիր չէ այլևս ապրել կնոջ հետ, իսկ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը զբաղեցնում էր Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը, հրաժարական տվեց և հայտարարեց, որ բաժանվում է ամուսնուց: Ավելի ուշ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրանք ներկայացվեց անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով: