Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին, խոսելով «զինագործների» երկու նորեկներ Հենրիխ Մխիթարյանի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի մասին, ասել է, որ «հիանալի է», երբ երկու տարբեր ակումբից ձեռք բերված ֆուտբոլիստներ միասին խաղալու փորձ ունեն: Այս մասին գրում է բրիտանական Birmingham Mail-ը:
Գաբոնացի ֆուտբոլիստ Օբամեյանգը և Հայաստանի ազգային հավաքականի կիսաշատպան Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայում» միասին խաղացել են 2013-2016 թվականներին:
«Օբամեյանգը խաղացել է Մխիթարյանի հետ, ուստի նրանք իրար շատ լավ գիտեն, գիտեն ինչպես խաղալ միասին»,- ասել է Անրին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»: ֆուտբոլիստի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր, իսկ տրանսֆերը ռեկորդային գումար է արժեցել:
Հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» էր տեղափոխվել նաև Հենրիխ Մխիթարյանը: