Նիդերլանդների ԱԳՆ-ն պաշտոնապես հետ է կանչել դեսպանին Թուրքիայից, որին Անկարան թույլ չէր տալիս մուտք գործել երկիր 2017-ի մարտից, երբ վատթարացան երկու երկրների հարաբերությունները:
Ըստ Նիդերլանդների ԱԳՆ ղեկավար Հալբա Զեյլսթրի, վերջին շրջանում Թուրքիայի հետ բանակցությունները հարաբերությունների կարգավորման շանս էին տալիս, սակայն երկրներն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ:
«Կառավարությունը որոշել է պաշտոնապես հետ կանչել Նիդերլանդների դեսպանին Անկարայից, որը մուտք չուներ Թուրքիա 2017-ի մարտից »,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ընդ որում, Նիդերլանդները մտադիր են պահպանել պատասխան արգելքը թուրք դիվանագետի հանդեպ, քանի դեռ Անկարան չի թույլատրում Նիդերլանդների դեսպանի մուտքը երկիր:
2017-ի մարտին Նիդերլանդների իշխանությունները թույլ չտվեցին, որ վայրէջք կատարի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռը, որը մտադիր էր մասնակցել թուրքական համայնքի հանրահավաքին Ռոտերդամում՝ Թուրքիայում սահմանադրական բարեփոխման վերաբերյալ հանրաքվեի շեմին: Նիդերլանդներից արտաքսվեց Թուրքիայի ընտանիքի գործերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայան, որը փորձել էր միջոցառման հասնել ցամաքային տրանսպորտով: Ի պատասխան Չավուշօղլուն Նիդերլանդները «ֆաշիզմի մայրաքաղաք» անվանեց: