5 փետրվարի 2018 - 17:48 AMT
BBC-ն անդրադարձել է Թուրքիայի և Վատիկանի հարաբերություններին Ցեղասպանության շուրջ «ճգնաժամից» հետո

Բրիտանական BBC-ի թուրքական ծառայությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Վատիկան այցի առիթով, ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ Թուրքիայի և Վատիկանի միջև առաջացած ճգնաժամին և փոխհարաբերություններին դրանից հետո:

«2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանում մատուցած պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը, հղում անելով 2001 թվականին Հովհաննես 2-րդ պապի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի` ցեղասպանության վերաբերյալ ստորագրած հռչակագրին, իր ելույթում 1915 թվականի դեպքերն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Նա ասաց, որ այն վերջին հարյուրամյակում մարդկությանը պատահած ամենաողբերգական երեք իրադարձություններից մեկն է», - գրել է հոդվածագիրը:

Հեղինակը գրում է, որ այս խոսքերից հետո Անկարան հետ կանչեց Վատիկանում երկրի դեսպան Մեհմեթ Փաչաջըին, և 10 ամիս շարունակ Վատիկանի հետ դիվանագիտական հարաբերությունները գործերի հավատարմատարի մակարդակով էին: Միայն 2016-ի փետրվարին Թուրքիայի դեսպանը վերադարձավ Վատիկան:

«Այն ժամանակ Էրդողանը կոշտ պատասխան տվեց Վատիկանին՝ մեղադրելով նրան պատմական հարցը քաղաքակականություն տեղափոխելու մեջ», - պատմում է հեղինակը, մեջբերելով Էրդողանի՝ պատմաբաններից կազմված հանձանաժողով ստեղծելու և արխիվներն ուսումնասիրելու մասին խոսքերը:

Հեղինակն ասում է, որ Էրդողանի քննադատություններից հետո, սակայն, Ֆրանցիսկոս պապը 2016 թվականի հունիսին այցելեց Հայաստան և ևս մեկ անգամ արտասանեց ցեղասպանություն բառը:

Փետրվարի 5-ին Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի պապի և Թուրքիայի նախագահ Էրդողանի դռնփակ հանդիպումը:

Սա Թուրքիայի նախագահի մակարդակով առաջին այցն է Վատիկան մոտ 60 տարվա դադարից հետո: Իսկ Հռոմի պապը Թուրքիա էր այցելել 2014 թվականին: