8 փետրվարի 2018 - 15:51 AMT
ՌԴ գիտական մեծ հայտնագործությունների ցանկում 2 հայ գիտնականի բացահայտում կա

Ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը կազմել է ռուսաստանցի ժամանակակից գիտնականների մեծ հայտնագործությունների 10-յակը, որոնք ցնցել են աշխարհը: Ցանկում 2 հայազգի գիտնական կա՝ Յուրի Հովհաննիսյանը և Սերգեյ Վարդանյանը:

Փետրվարի 8-ին Ռուսաստանում նշում են գիտության օրը:

Յուրի Հովհաննիսյանը հայտնի ֆիզիկոս է, ՌԳԱ ակադեմիկոս: Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր, նա նոր տարրերի (104-108 ատոմային կարգահամարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված 11 հայտնագործությունների համահեղինակ է: Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակի նոր՝ 118-րդ տարրն անվանվել է «օգանեսոն»՝ պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի պատվին: Սա այն եզակի դեպքերից է, երբ տարրը կոչվում է գիտնականի պատվին նրա կյանքի օրոք:

Սերգեյ Վարդանյանը հայտնի է մամոնտի գենոմի վերծանման աշխատանքներով: Աշխարհագրագետ Սերգեյ Վարդանյանը 1993-ին Վրանգելի կղզում հայտնաբերել է մամոնտի ոսկրեր և ռադիոածխածնային հետազոտության արդյունքում պարզել է, որ դրանք ընդամնեը մի քանի հազար տարեկան են: Երկիր մոլորակի վերջին, գաճաճ մամոնտների մասին Վարդանյանի ու նրա գործընկերների հոդվածը 1993-ին հրապարակվել է Nature ամսագրում, և նրա հայտնագործության մասին իմացել է ամբողջ աշխարհը: Վրանգելի կղզու մամոնտների գենոմը վերծանվել է 2015-ին: Սերգեյ Վարդանյանն ու նրա ռուս և արտասահմանցի գործընկերները շարունակում են վերծանման աշխատանքները: