15 փետրվարի 2018 - 15:51 AMT
ՀՀ-ն կներկայացնի ազգային խոհանոցը և մշակույթն ԱՄՆ-ի «Ֆոլքլայֆ» հեղինակավոր փառատոնում

Հայաստանը կմասնակցի «Ֆոլքլայֆ» փառատոնին, որտեղ կներկայացնի հայկական խոհանոցի և ձեռագործ արվեստի մշակութային ժառանգության արժեքները: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության փետրվարի 15-ի նիստում:

«Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնն անցկացվում է ԱՄՆ մայրաքաղաքի` Վաշինգտոնի ազգային զբոսայգում: 2018-ին փառատոնին Հայաստանը կներկայանա «Հայաստան. ստեղծելով տուն» խորագրի ներքո: Երկիրը հնարավորություն է ստանում օգտագործելու հարթակը ոչ միայն զբոսաշրջային գրավչության և մշակութային ժառանգության ներկայացման, այլև հայկական արտադրանքը լայն լսարանի առջև գովազդելու համար:

Նախնական կանխատեսումներով, մասնավորապես, փառատոնի ընթացքում վաճառված արվեստի կիրառական գործերից, այդ թվում՝ մթերքից, խմիչքից, ձեռագործ արվեստից համախառն հասույթը գնահատվում է մինչև $500.000:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փառատոնի համար ԱՄՆ ուղարկված արվեստի գործերը ցուցադրվելու են NY NOW առևտրային ցուցահանդեսում, որը ձեռագործ և գործարանային արտադրության արվեստի գործերի, քանդակների, հուշանվերների և կիրառական արվեստի այլ արտադրանքի խոշորագույն ցուցահանդեսն է ԱՄՆ-ում: Առևտրային ցուցահանդեսն ունենում է մոտ 25.000 այցելու և 2500 մասնակից: